Արշավիր Աղեկյան
 Քաղաքի սկզբնական գլխավոր հատակագծերից սկսած Կոնդի վերակառուցման հարց ընդհանրապես չի դրվել: Երևանի գլխա-վոր հատակագծերում թաղամասի կառուցապատումը կոմպլեքսային լուծում չստանալով` դարձել է քաղաքի պրոբլեմատիկ հանգույցներից մեկը: 
 1985 թվականին ես մասնակցեցի Կոնդի վերակառուցման մրցույթին: Իմ նախագիծը հաղթող ճանաչվեց: 1986-87 թվականներին կատարվեց թաղամասի վերակառուցման մանրամասն հատակագծման նախագիծը: Ըստ դրա, Սարյան, Լեո, Պարոնյան փողոցների երկայնքով նախատեսվում է բնակելի զոնա: Այն իրենից ներկայացնում է տերասաձև ներքին բակերի համակարգ, որի շուրջ համախմբված են տները` օգտագործվող կանաչապատ կտուրներով: Այդ բակ-կտուրներն իրականացված են ազատ հատակագծման սկզբունքով` ռելիեֆին ներդաշնակ: 
 Կոնդի բարձունքի միջնամասում` մոտ 5 հեկտար տարածքում, նախատեսվում էր հասարակական կենտրոն հիմնել: Մեր նպատակն էր Երևանի`արդեն քանդված ժողովրդական ճարտարապետության օրինակներով վերստեղծել հին Երևանի հավաքական կերպարը` վերակառուցելով գոյություն ունեցող արժեքավոր տները և լրացնելով փողոցները: Վերակառուցվող բակերի շուրջը համախմբված տները նախատեսվում էր օգտագործել որպես արվեստանոցներ, ժողովրդական վարպետների արհեստանոցներ, խեցեգործական, մետաղի դրվագման, փայտամշակման, ոսկյա և արծաթյա իրերի պատրաստման, ցուցադրման և վաճառքի սրահներ: Նախատեսվում էր նաև բիզնես կենտրոնների ստեղծումը` սրճարաններ, ռեստորաններ, բարեր և այլն: «Դվին» հյուրանոցի հյուսիսային հատվածի վերակառուցվող տներում տուրիստական կենտրոն էր լինելու` բակերի շուրջը համախմբված ծավալներով: Այն զբաղեցնելու էր մոտ 3 հեկտար տարածք:
 Կարծում եմ, արևելյան շուկա հիշեցնող աշխույժ միջավայրը կդառնար զբոսաշրջիկների ցանկալի վայր, ինչպես Մոնմարտրը Փարիզում կամ Բարսելոնի «Մեր Քաղաքը»` կառուցված 1929 թվականին՝ ցուցահանդեսի շրջանակներում: Չնայած Բարսելոնի պահպանված հարուստ պատմական ժառանգությանը, կատալոնացիները ավելորդ չհամարեցին 3 հեկտար տարածքում` բարձունքի վրա հավաքել տարբեր շրջանների կառույցների կրկնօրինակները և վերստեղծել քաղաք, որն արդեն 80 տարի է հիացնում է այցելուներին:
 Հին թաղամասերի վերակառուցումը ամենուրեք նպատակ է հետապնդում պահպանել և սերունդներին փոխանցել անցյալի ոչ միայն եզակի կառույցներն, այլև ժողովրդական ճարտարապետության օրինակները` բնակելի թաղամասեր և նույնիսկ քաղաքն ամբողջությամբ վերցրած: Այսպիսով` Կոնդի վերակառուցումը, կարծում եմ, յուրաքանչյուրիս բարոյական ու քաղաքացիական պարտավորությունն է: